Ինչպես հայտնում է tert.am կայքը՝
«Շատ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի նման երկրում մարդիկ 20-30-40 տարի հետո ստանալու և օգտագործելու են այն գումարները, որոնք այսօր իրենցից կգանձվի` կենսաթոշակային կուտակային նոր համակարգին անցում կատարելով: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՏՏ ոլորտի ակունքներում գտնվող Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը՝ մեկնաբանելով այս օրերին ոլորտի մասնագետների կողմից հնչեցվող դժգոհությունները:
«Չեն հավատում, որ էդ գումարները, որ հավաքվելու են, էն պարագայում, երբ Հայաստանի ներկայիս ադմինիստրացիան երկիրը վաճառքի է հանել և չգիտեն՝ վաղը ո՞ր երկրի քաղաքացի են դառնալու, ի՞նչ միության քաղաքացի: Որովհետև առանց իրենց կամքը հարցնելու ճակատագրական որոշումներ են փորձում փաթաթել. մարդիկ չեն հավատում, որ 40 տարի հետո էդ գումարը պետք է օգտագործվի: Մենք Հայաստանում գործ ունենք նոր գաղութային ռեժիմի հետ, և ինչպե՞ս կարող է մարդը վստահել էս ռեժիմին»,-ասաց Գարեգին Չուգասզյանը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործի կենսաթոշակային նոր համակարգը, և բարձր աշխատավարձ ստացող ՏՏ ոլորտի մասնագետներից շատերի դեպքում աշխատավարձից պարտադիր պահվող գումարը կարող է հասնել ամսական մինչև 50 հազար դրամի՝ 500.000 դրամ աշխատավարձի դեպքում:
168.am-ը հաղորդել էր, որ նոր համակարգի վերաբերյալ իր բողոքն է հայտնել ՏՏ համայնքը: Նշվել էր նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող բազմաթիվ ընկերություններ այս նոր համակարգի գործարկումից հետո կարող են առհասարակ փակվել: Իսկ շատերն էլ նշել են արտագաղթելու տրամադրությունների մասին:
Ի պատասխան դիտարկման, որ սոցիալական հայտնի գովազդը, որտեղ սատանան ու հրեշտակը անընդհատ երկմտող երիտասարդ տղամարդու ականջին շշնջում են տարբեր մեկնաբանություններ, աշխատել է «հօգուտ սատանայի», Նախախորհրդարանի անդամը նկատեց, որ ինքը հեռուստատեսություն չի նայում, բայց լսում է «անիմաստ սոցիալական գովազդների մասին»:
Գարեգին Չուգասզյանը հավելեց. «Բնականաբար, հարց է առաջանում է, թե էդ ոլորտն ինչ կարևորություն ունի, քաղաքականությունը էդ ոլորտի նկատմամբ ճի՞շտ է տարվում, թե ոչ: Ողջ աշխարհում այս պահին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հատուկ ուշադրության է արժանանում: Թուրքիան, օրինակ, ազատում է, հատուկ գոտիներ է ստեղծում, որտեղ ՏՏ ոլորտով զբաղվողները որևիցե հարկ չեն տալիս: Աստված մի արասցե, եթե սահմանը բացվեր, Հայաստանում գործող բոլոր հայաստանյան նման ընկերությունները կտեղափոխվեին Իգդիր, որովհետև այնտեղ որևիցե հարկ չէին վճարելու»:
Որպես ամփոփում Նախախորհրդարանի անդամը նշեց, որ այն երկրները, որոնք գնում են զարգացման հունով, ամեն ինչ անում են, որպեսզի ՏՏ ոլորտի ընկերությունները մնան երկրում, որովհետև իրենք իրենցով ստեղծում են մուլտիպլիկացիոն տնտեսական էֆեկտ, և եթե հարկեր էլ չտան՝ իրենցով մեծ տնտեսական օգուտ են տալիս երկրին: «Ավելացված արժեքը, որ ստեղծում են իրենք, աշխատատեղեր են ստեղծում այլ ոլորտների, ծառայությունների համար»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:
Ի պատասխան դիտարկման, որ Հայաստանում էլ ՏՏ ոլորտը հռչակված է գերակա ճյուղ, վերջինս ասաց. «Հռչակելով չի, էսպես ամպագոռգոռ հայտարարություններով չի, այլ գործերով»:
Նշենք, որ անգամ Հայաստանում 2008-2012 թթ. այս ոլորտում գրանցվել է 20%-ից բարձր աճ: ՏՏ ոլորտի մասնագետը նկատեց, որ դա ՀՀ իշխանությունների շնորհիվ չէ, ոչ էլ ինչ-որ այլ գործոնների, այլ որովհետև ՏՏ ոլորտը զարգանում է ողջ աշխարհում: «Եթե համեմատեք, ապա տնտեսական անկման պայմաններում այդ ոլորտը միշտ եղել է ջրի երեսին և պետք չէ զարմանալ»,- ասաց Նախախորհրդարանի անդամը:
Նշենք, որ ՏՏ ոլորտից դժգոհող մասնագետներից շատերը որպես լավ օրինակ բերել էին Վրաստանը:
Ի պատասխան հարցի, թե կոնկրետ ինչ արտոնություններ են տրվում Վրաստանում, Գարեգին Չուգասզյանը նշեց, որ բոլոր խելամիտ քաղաքականություն վարող երկրների պես Վրաստանում ակտիվորեն զարգացվում է օրենսդրական բազան՝ ոլորտի համար առավելագույն նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:»
Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/10/25/chuqaszyan/
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: