Ներկայացնում ենք երեկվա ցույցից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցված նամակը՝
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևորագույն խնդրի վրա, միևնույն ժամանակ ակնկալելով Ձեր անմիջական աջակցությունը դրա լուծման հարցում:
ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացմանը և սպասվում է, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով /այսուհետ նաև` “Օրենք”/ամրագրված կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Հաշվի առնելով բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ (դեմոգրաֆիկ, ֆինանսական, տնտեսական, իրավական և այլն) և լիովին գիտակցելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այնուհանդերձ վստահ ենք, որ օրենքում կան լուրջ բացթողումներ և թերի հիմնավորումներ, որոնք հարվածի տակ են դնելու հարկերից չխուսափող մեծաթիվ բարեխիղճ և օրինապահ քաղաքացիների: Մասնավորապես, այդ ռիսկային խմբի մեջ են մտնում ՀՀ-ում իրենց ապագան կերտող այնպիսի երիտասարդ մասնագետներ, ինչպիսիք են՝ իրավաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսիստներ, մանկավարժներ, բժիշկներ, ճարտարագետներ, միջուկային էներգետիկայի մասնագետներ և այլոք, որոնք ներգրավված են մասնագիտական բարձր որակավորում պահանջող և երկրի հեռահար զարգացման համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող ոլորտներում՝ իրավաբանական, ֆինանսական, կրթական, առողջապահական, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղերում:
Մենք տեղյակ ենք նաև, որ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո հովանավորվում և քաջալերվում են յուրաքանչյուր ոլորտում մեր հայրենակիցների ունեցած անգնահատելի ներդրումները: Դրա վառ ապացույցն է նաև Ձեր կողմից բազմիցս ընդգծված ՏՏ ոլորտի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման մեջ, որը հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ ՏՏ ոլորտի աջակցմանն է ուղղված Ձեր կողմից այդ ոլորտում սահմանված նախագահական կրթական պարգևները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի կողմից սահմանված ամենամյա մրցանակը, որին այս տարի արժանացավ «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն։ Սակայն կարծես թե ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն անտեղյակ են Հանրապետության Նախագահի կողմից սատարվող և գերակա նախանշված ոլորտի խթանման կարևորությանը, քանի որ նույն օրը, երբ պրն. Մակիմոտոն Ձեր կողմից արժանանում էր բարձր պարգևի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար, խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կոլեկտիվ բացակայությամբ բոյկոտում են այդ նույն ՏՏ ոլորտի և բազմաթիվ այլ ոլորտների հազարավոր աշխատողների համատարած բողոքը հարուցած օրենքի քննարկման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։ Իսկ ՀՀ կառավարությունը սկզբունքորեն մերժում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ցանկացած հանրային քննարկում կամ երկխոսություն շահագրգիռ շրջանակների հետ, մասնավորապես վերոհիշյալ ոլորտների ավելի քան 55 տարբեր ընկերությունների հազարավոր աշխատակիցների՝ ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոքից հետո։
Որպես օրենքի հիմնավորում շեշտվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են, այլընտրանք չունեն, ցանկացած բարեփոխում դժվարությամբ է կյանքի կոչվում և այն որոշակի սոցիալական բեռ է ենթադրում ապահով ապագա ունենալու համար: Սակայն ինչու՞ է ենթադրվում, որ եթե բարեփոխումն անհրաժեշտ է, ապա համապատասխան օրենքի բոլոր կետերը անթերի են և չեն պարունակում ոչ բավարար գնահատականներ և ռիսկերի սխալ գնահատում:
Անգամ պինոչետյան Չիլիում համակարգը ներդրվել է որպես կամավոր և ոչ պարտադիր` այդ պահին աշխատաշուկայում ներգրավված աշխատող քաղաքացիների համար: Բերվում է նաև Էստոնիայի օրինակը, սակայն անտեսվում կամ թաքցվում է, որ Էստոնիայում պետությունը մի քանի տարի ի վիճակի չի եղել կատարելու իր պարտավորություններն ընդհանրապես, իսկ կենսաթոշակային կուտակային համակարգին մասնակցության տոկոսային հարաբերությունը հետևյալն էր՝ 2% քաղաքացի – 4% պետություն և բացի այդ օրենքն ընդունվելով 2002թ. պարտադիր է եղել միայն 1983թ-ից հետո ծնվածների համար՝ այսպիսով, նույնպես բացառելով օրենքի հետադարձ ուժի կիրառումը աշխատաշուկայում այդ պահին արդեն ներգրավված աշխատող քաղաքացիների նկատմամբ և, հետևաբար` սոցիալական լարվածության ստեղծումը: Նույն պատճառով Մակեդոնիայում օրենքն ուժի մեջ մտնելով 2006թ-ից՝ պարտադիր է եղել միայն 2003թ.-ից հետո աշխատանքի ընդունված անձանց համար: Համացանցում ամենապարզ փնտրումն իսկ ի հայտ կհանի այս համակարգի թերություններն ու ռիսկերը, որոնցից խուսափելու կամ նվազարկելու ուղիները բացակայում են Կառավարության կողմից պարտադրվող օրենքում: Տրամաբանական կլիներ որ սահմանված լինեին նաև օրենքի անցումային դրույթներ, որոնք կբացառեին 1974թ-ից հետո ծնված և արդեն աշխատող մարդկանց այս օրենքի պատճառով՝ սոցիալական բեռի ավելացումը (օրինակ` եկամտային հարկի համապատասխան չափով նվազեցում), սակայն անցումային որևէ դրույթ ընդհանրապես նախատեսված չէ։
Վերոգրյալի լույսի ներքո, մեր խորին համոզմամբ, միանգամայն բնական է, որ ստեղծված իրավիճակը օրենքում տեղ գտած մի շարք դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու արդյունքն է հանդիսանում։ Մասնավորապես և հատկապես կուզենայինք Ձեր ուշադրությունը դարձնել այն փաստին, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին /Օրենքին/ տրվում է հետադարձ ուժ` փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին և այլն:
Բացի այդ, տարիներ առաջ տուն գնած և իր աշխատավարձի մոտ 75%-ը հիփոթեքային և այլ վարկեր մուծող, ինչպես նաև ընտանիքի անգործունակ անդամներին պահող աշխատող քաղաքացին ուղղակի ի վիճակի չէ վճարելու ոչ միայն իր համախառն եկամտի 5%-ից ավելին, այլև այդ 5%-ը, ինչն իրականում կազմում է 6.6% – մինչև 13.5% է, քանի որ հաշվարկվում է համախառն եկամտից և գանձվում զուտ եկամտից՝ հարկումից հետո: Եվ նման օրինակները շատ են, ինչը փաստում է, որ քննարկվող օրենքով սոցիալական բեռի ավելացման ռիսկերը պատշաճ չեն հաշվարկված և որոշ դեպքերում իրականության հետ որևէ աղերս չունեն: Որքանո՞վ է արդարացված՝ բարեկեցիկ ապագայի տեսլականով հարվածի տակ դնել ներկան:
Ավելորդ չենք համարում նաև նշել, որ ՀՀ կառավարությունը ըստ հաստատված ժամանակացույցի անգամ թերացել է ժամանակին կատարել օրենքի կիրառման հետ կապված մի շարք միջոցառումներ.
Ա) Այսպիսով, ֆոնդերի կառավարիչները ըստ քննարկվող օրենքի պետք է լիցենզավորված լինեին դեռ 2013թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, սակայն նամակը գրելու պահին, երբ ընտրություն կատարելու համար մնացել է մոտ մեկ ամիս ժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդամենը մեկ կազմակերպություն է օրեր առաջ ստացել համապատասխան լիցենզիա, ինչը հանգեցրել է այն իրավիճակին, որի պայմաններում մարդիկ զրկվել են նույնիսկ կառավարիչների կողմից կառավարվող ֆոնդերի ընտրության հնարավորությունից: Հարկ է նշել, որ նմանատիպ ընտրությունն էլ իր հերթին պահանջում է ընտրողի մոտ որոշակի սպեցիֆիկ ֆինանսական գիտելիքների առկայություն և անհրաժեշտություն կա հանրության լայնածավալ զանգվածային կրթական միջոցառումներ իրականացնելու, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան համապատասխան ընտրություն կատարելու: Ստացվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ժամանակին համապատասխան միջոցառումներ չիրականացնելու հետևանքով համապատասխան տեղեկատվություն և գիտելիք չունենալու պատճառով անձը զրկվում է ընտրություն կատարելու իրեն վերապահված նաև այդ իրավունքից, միաժամանակ իր կամքից անկախ խախտելով Օրենքով սահմանված ֆոնդի ընտրության իր պարտավորությունը (Օրենքի 37.1 կետ):
Բ) ՀՀ կառավարության կողմից պատշաճ չի կազմակերպվել և իրականացվել օրենքի վերաբերյալ հանրային պատշաճ քննարկումներ և օբյեկտիվ իրազեկման աշխատանքներ:
Գ) Օրենքում առկա են նաև թերություններ և հակասություններ, որոնց կիրառումը կհանգեցնի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այս մասին բազմիցս հայտնել ենք ՀՀ կառավարությանը, սակայն ապարդյուն:
Մեծարգո պարոն Նախագահ, հաշվի առնելով վերը նշված փաստարկները, ինչպես նաև խնդրո առարկա համակարգի կիրառման միջազգային փորձը և օբյեկտիվ արդյունքները, համարում ենք, որ այն կուտակային կենսաթոշակի պարտադիր կիրառելու պահանջը մեր երկրում ժամանակավրեպ է և խիստ ռիսկային:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի ընդունման գործընթացում, դուք ևս ունեցել եք մասնակցություն, արդեն իսկ վավերացրել եք այն, ուստի անհրաժեշտ ենք համարում դիմել Ձեզ և ստանալ Ձեր անմիջական մասնակցությունն այս հարցում: Հետևաբար, դիմելով Ձեզ առաջարկում ենք արձագանքել մեր կողմից բարձրացված հարցերին և լուծման նպատակով ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին եւ արտահերթ նիստ հրավիրել, առաջարկել որպեսզի համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սկսեն հանրային լայն քննարկումներ և լրամշակեն օրենքը՝ օրենքից հանելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը և վերացնել օրենքում առկա հակսություններն ու թերությունները:
Մենք սիրում և ցանկանում ենք շենացնել մեր երկիրն ու պետությունը, որը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից:
Խնդրում ենք հետամուտ լինել այս խնդիրների լուծմանը և կանխել ՀՀ-ում ապրող և բարեխիղճ հարկեր վճարող քաղաքացիների նկատմամբ կիրառվող սոցիալական անարդարությունը:
Ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը` օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով հետևյալ հասցեին`
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, ք: Երևան, Արշակունյաց 41
Հարգանքներով,
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ՝
Լեւոն Հարությունյան
Մանե Թանդիլյան
Դավիթ Խաժակյան
Տեղեկացնում ենք նաև, որ սույն նամակը կենթարկվի բաց հրապարակման:»
Նշենք, որ տվյալ նամակի տակ ստորագրել է 4194 մարդ:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: