Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:
Դեկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից կսկսեն իրենց քայլարշավը Երևանի փողոցներով: Նրանք ևս կիրազեկեն քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:
Մեր Ձմեռ պապերը կոչ կանեն մեր քաղաքացիներին միավորվել և համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք–երթին Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան:
Այսպիսով՝ հրավիրում ենք բոլորիդ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30–ին, Ազատության հրապարակ՝ ակցիայի մասնակիցը, ականատեսն ու լուսաբանողը լինելու:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: