Սույն թվականի հունիսի 23-ին հերթական անգամ մեր հասարակությունը դարձավ հայրենի ոստիկանության անօրինական, վայրագ, ոչ ադեկվատ ու անմարդկային վարքի դրսևորումների ականատեսը:

Այդ օրը ՀՀ մի խումբ պահանջատեր, ազատամիտ և գիտակից քաղաքացիներ իրացնում էին իրենց սահմանադրական ու քաղաքացիական իրավունքը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի դիմաց՝ բողոքելով հերթական անարդարության ու գրպանահատության փորձի դեմ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կանխելու նպատակով, որին ի պատասխան ՀՀ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խստագույնս դատապարտում ու ամոթալի է համարում ՀՀ ոստիկանության` ս. թ. հունիսի 23-ին ցուցաբերած hակաօրինական վարքը ՀՀ քաղաքացիների հանդեպ և հայտարարում է, որ լինելու է ծայրաստիճան անհանդուրժող որևէ կառույցի, այդ թվում ոստիկանության անօրինական ու անմարդկային վարքի հանդեպ՝ մշտապես մնալով բացառապես օրենքի դաշտում, կիրառելով օրենքով ընձեռնված իրավունքների ողջ զինանոցը՝ համաչափ պատասխան տալով ցանկացած ուժի, որը կհամարձակվի ոտնահարել ՀՀ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրեն կդրսևորի այնպես, ինչպես հատուկ է հրոսակախմբերին:  Շարունակություն →

ՀՀԿ խորհրդրանական խմբակցությունը, անտեսելով հասարակության պահանջները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը և ի վերջո, երկրի շահը, փորձում է ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընդունել ՀՀ կառավարության առաջարկած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Օրինագիծը կազմվելիս գրեթե հաշվի չի առնվել ՍԴ 2 ապրիլի 2014թ. ՍԴՈ – 1142 որոշման հիմքում ընկած հիմնավորումները, մինչդեռ հենց այդ որոշմամբ էր պայմանավորված նշված օրինագիծը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Ավելին՝ նոր նախագիծը նույնպես պարունակում է տարատեսակ այլ խնդրահարույց դրույթներ:

Հետաքրքիր է, որ հանրության համար նման կարևորագույն նշանակություն ունեցող և նախկինում մեծ աղմուկ առաջացրած օրենքի նոր նախագիծը չի քննարկվել հանրության հետ: Այն հրապարակվել է միայն արտահերթ նստաշրջանի առաջին նիստի օրը` դրանով խախտելով Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ ու կանոնակարգեր, փաստացի հնարավորություն չտալով ԱԺ պատգամավորներին ծանոթանալ նախագծին:  Շարունակություն →

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ, ընկալելով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, լինելով արժանապատիվ ծերություն ապահովելու ճանապարհին և, միևնույն ժամանակ, գերակա ճանաչելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, գտնում է, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը կարող է կյանքի կոչվել միմիայն կամավոր սկզբունքով:

Որպես Հայաստանի Հանրապետության ներկայով և ապագայով մտահոգ քաղաքացիներ, մենք մնում ենք այն դիրքորոշման մեջ, որ ներդրվող կուտակային նոր համակարգը պետք է բխի միայն և միայն մարդու շահերից և սահմանադրական սկզբունքներից:

Ուստի մենք գտնում ենք, որ Կուտակային Կենսաթոշակային նոր համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝

1. Համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր։
2. Համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից։  Շարունակություն →

Հարգելի պայքարակիցներ,

Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, որտեղից մեկնարկելու է Սատարման երթը: Եկեք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո մեր քաղաքացիների մի ստվար մաս փաստացի զրկված է հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմում գրելու հնարավորությունից: Հատկապես պետական համակարգի ու կրթական ոլորտի աշխատողները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, իսկ հաճախ էլ նշված դիմումները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել նաև աշխատանքից ազատման դիմումներ:

Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ունեն դիմում գրելու հնարավորություն, անտարբեր չմնալ ճնշված քաղաքացիների հանդեպ և իրենց ներկայությամբ Սատարման երթը դարձնել հզոր: Իսկ ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ ենք անում անպայման միանալ երթին՝ զգալու մեր բոլորիս աջակցությունը: Շարունակություն →

Հարգելի հայրենակիցներ,

ինչպես տեղյակ եք ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներիս իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել մեր գործատուներին՝ մեր աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին: Բացի այդ, օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ սույն օրենքը տարածվում է ս. թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ հոդվածի և 8.1-րդ հոդվածներով սահմանված կարգով մարված է:

Օրենքը 26.05.2014թ. ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից և 29.05.2014թ. հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում: Օրենքի համարն է՝ ՀՕ-13-Ն, Պաշտոնական տեղեկագիր համար 28 (1041): Ներկայացնում ենք այդ Օրենքի հիման վրա կազմված դիմումների ձևանմուշները, որոնք կարող եք ներբեռնել, լրացնել և ներկայացնել ձեր գործատուներին:
Շարունակություն →